Փավստոս Բուզանդ
Փավստոս Բուզանդ կամ Փավստոս Բյուզանդ, հայ պատմագիր (4-րդ կամ 5-րդ դար)։ Նա Ագաթանգեղոսից հետո երկրորդ պատմիչն է:
Բուզանդի պատմությունն էլ ընդգրկում է կես դար՝ 330 թվականից մինչև Հայաստանի բաժանումը Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև՝387 թվականը:Այս երկը կոչվում է «Պատմություն Հայոց»։Պատմությունը գրելիս Բուզանդը չի ղեկավարվում պատմագրության խիստ չափանիշներով, չի ձգտում սահմանել ճիշտ ժամանակագրություն։ Պատմիչը դեպքերը շարադրում է իր լսած բանավոր պատմությունների հիման վրա։
Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից, որոնք բաժանվում են առանձին վերնագրված գլուխների։Փավստոս Բուզանդը իր երկը շարադրելիս, օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական–վկայաբանական գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից։ Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է։ Այն ներթափանցած է քրիստոնեական գաղափարախոսությամբ՝ երկի մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ։«Հայոց պատմությունը» պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի 4-րդ դարի քաղաքական պատմության, ներքին կյանքի, հասարակական–քաղաքական կառուցվածքի, դասակարգային ու ներդասային պայքարի, նրանց փոխհարաբերությունների, եկեղեցակրոնական հարցերի, ժողովրդի կենցաղի, հավատալիքների պարսկա–բյուզանդական հակամարտության մեջ Հայաստանի դերի մասին։ Գրքում հեղինակը լայն տեղ է հատկացնում Հայաստանի և հարևան հզոր տերությունների փոխհարաբերությունների, Պարսկաստանի դեմ հայ Արշակունի թագավորների և Մամիկոնյաների սպարապետների մղած պատերազմների պատկերացմանը՝ ցույց տալով միասնական ուժեղ պետականության ստեղծման և արտաքին թշնամիներ դիմադարձ կանգնելու նրանց գործադրած ճիգերը։Բուզանդի «Պատմությունն» ընդգրկում է շուրջ կես դար՝ Խոսրով Կոտակի թագավորությունից (330-338) մինչև Հայաստանի բաժանումը՝ 387 թվականը։ Դա մի բարդ շրջան էր հայոց պատմության մեջ, քաղաքական ծանր ու սուր պայքարով հագեցած և դրամատիկ իրադարձություններով հարուստ։ Խոսրով Կոտակի հոր՝ Տրդատ Մեծի կողմից քրիստոնեությունը ճանաչվեց իբրև պետական կրոն։ Քրիստոնեության մուտքը
Հայաստան և դրա հետ կապված իրական դեպքերն ու ֆանտաստիկ զրույցները ամփոփվեցին Ագաթանգեղոսի Պատմության մեջ, իսկ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին մեզ տեղեկացնում է Բուզանդի երկը։
Երբ Պարսկաստանում Արշակունյաց հարստությունը տեղը զիջեց Սասանյաններին, հայոց Արշակունիները մենակ մնացին իրենց դինաստիական թշնամիների դեմ, որոնք չէին հանդուրժում ինչ կապվում էր Արշակունիների հետ, իսկ երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստան, և ապա դարձավ պետական կրոն, դրությունը շատ ավելի բարդացավ։ Երիտասարդ քրիստոնյա երկիրը սկսեց ապրել զրադաշտական մեծ աշխարհի հետ վտանգավոր հարևանությամբ։ Բայց ոչ միայն այդ։ Եկեղեցին ներխուժեց երկրի քաղաքական կյանք, և դրանով էլ պայմանավորվեցին հետագա շատ իրադարձություններ։ Սկսվեց անզիջում պայքար պետության և եկեղեցու միջև, որ ուղեկցվում էր նախարարական իշխանությունների և պետության միջև եղած հակամարտությամբ։ Միատարր ու միակամ չէր և ինքը՝ եկեղեցին, որտեղ բախվում էին հունական և ասորական եկեղեցիների կողմից հովանավորվող ուժեր և Աղբիանոսի կրոնական բարձրագույն իշխանության հավակնորդ տունը, որ բնիկ էր և ուներ հին քրմական ծագում։ Այդ պայքարը և արտաքին քաղաքական ծանր հանգամանքները թուլացրին երկրի դիմադրողականությունը, և վերջապես բյուգանդական և պարսից իշխանությունները 387 թվականին համաձայնության եկան հայոց երկիրը բաժանելու, որը անբուժելի հարված էր հայոց պետականությանը։
Առաջին անգամ «Բյուզանդարան պատմությունք» խորագրով այն հրատարակվել է 1730 թ-ին, Կոստանդնուպոլսում: Աշխարհաբարի է վերածել Ստեփան Մալխասյանցը (լույս է տեսել 1947 թ-ին): Թարգմանվել է ֆրանսերեն (1867 թ.), գերմաներեն (1879 թ.) և այլ լեզուներով:
Փավստոս Բուզանդի «Պատմության» հիման վրա Րաֆֆին գրել է «Սամվել», Ստեփան Զորյանը՝ «Հայոց բերդը», «Պապ թագավոր», «Վարազդատ», Պերճ Զեյթունցյանը` «Արշակ Երկրորդ» պատմավեպերը:
Երևանում Բուզանդի անունով կոչվել է փողոց:
Комментариев нет:
Отправить комментарий